ՆԱ ՕԳՆԵԼ Է ՔԱԴԱՖԻԻՆ ՍՈՑԻԱԼԻԶՄ ԿԱՌՈՒՑԵԼ
Սուրեն Թովմասյանի հիշատակին
Սուրեն Սարգսյան, հրապարակախոս, տնտեսագետ
Սուրեն Հակոբի Թովմասյանը ծնվել է 1909թ. դեկտեմբերի 20-ին, Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում, աղքատ ընտանիքում, որին կերակրելու համար հայրն աշխատում էր Բաքվի և Գրոզնու նավթահանքերում։ Տղան 10 տարեկանից դառնում է գյուղի հովիվը՝ նյութապես օգնելով ծնողներին։ 1926թ. Սուրենն ընդունվում է կոմերիտմիության շարքերը, իսկ 1930թ. ՀամԿ(բ)Կ տոմս է ստանում։ Այդ շրջանում նա աշխատում էր Զանգեզուրի մայրուղիների շինարարությունում, իսկ 1929-ից, տեղափոխվելով Երևան, աշխատանքային գործունեությունը շարունակում է «Բանկոոպ» ձեռնարկությունում։
