вторник, 30 октября 2012 г.

ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ


Արցախյան գոյամարտում յուրաքանչյուր ոք հայրենիքի     պաշտպանի իր ճակատագիրն ունեցավ, նման իր զինակիցներին եւ միանգամայն տարբեր:
Աշոտ Գալստյանը` Շինուհայր գյուղից, Արցախյան պատերազմի սկզբից ինքնաբուխ անդամագրվեց Գորիսի կամավորական ջոկատին` Համլետ Մկրտչյանի
հրամանատարությամբ: Նախ հրաձիգ էր, ապա` սպառազինության գծով գումարտակի հրամանատարի տեղակալ: Մասնակցեց Գորիսի սահմանամերձ գյուղերի պաշտպանական մարտերին, նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ազատագրման ռազմական գործողություններին: Հայ-ադրբեջանական հակամարտության օրերին Գորիսում վաճառեց իր բնակարանը, ձեռք բերեց "Ուրալ-375" մակնիշի ավտոմեքենա, որով օգտակար էր լինում հայրենի եզերքի պաշտպաններին: 1993-ի հոկտեմբերի 22-ին մարտերից մեկի ժամանակ վիրավորվեց, կոնտուզիա ստացավ: Տարածաշրջանում
հրադադար հաստատվելուց հետո Աշոտն անցավ խաղաղ աշխատանքի, հաջողակ ֆերմերի համարում ձեռք բերեց: Յուրաքանչյուր Ամանորի նախօրեին իր անձնական միջոցներից նյութական օգնություն է ցույց տալիս Արցախյան պատերազմում ընկած շինուհայրցի ազատամարտիկների ընտանիքներին, փորձում թեթեւացնել նրանց հոգսը:

Իսկ անկախության 21-րդ տարեդարձի նախօրեին նրա մեջ գաղափար հղացավ Գորիսի կամավորական գնդի Շինուհայրի ենթաշրջանի Շինուհայր, Խոտ, Հալիձոր, Հարժիս, Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Երիցաթումբ, Շուռնուխ գյուղերի` Արցախյան պատերազմի մասնակից մարտիկների հանդիպում կազմակերպել, եւս մեկ անգամ արժեւորել նրանց վաստակը մերօրյա ազատամարտում, ոգեկոչել ընկածների հիշատակը: Հանդիպման օրը պատահական չէր ընտրված` սեպտեմբերի 21: Շինուհայրի հանդիսությունների սրահում հանդիպել էին նախկին մարտական ընկերները, ջերմ ողջագուրվում էին, դրվագներ հիշում համատեղ զինվորական կյանքից, նաեւ հումորախառն պատմություններ, լիաթոք ծիծաղում: Մինչեւ տոնական սեղանների շուրջը բոլորելը` հանդիպման մասնակիցները ծաղիկներ դրեցին Շինուհայրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Ավելի անմիջական մթնոլորտ էր աշնանային բարիքներով ծանրաբեռ սեղանների շուրջը: Ներկաներին բարեմաղթանքի խոսքեր հղեցին տողերիս հեղինակը, Սուրիկ Բաղդասարյանը, Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, Համլետ Մկրտչյանը, Վարազդատ Մուսայելյանը, Արայիկ Ղասումյանը, Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը, ուրիշներ: Ողջույնի խոսքերից զատ` ելույթ ունեցողներն արժանին մատուցեցին հայոց բանակաշինության ակունքներում կանգնած սպարապետ Վազգեն Սարգսյանին, Հայաստանի զինվորական գերատեսչությունը ղեկավարած Սերժ Սարգսյանին, ՀՀ պաշտպանության գործող նախարար Սեյրան Օհանյանին: Բաժակ բարձրացնողները նաեւ երախտագիտությամբ հիշեցին խնձորեսկցի Սանոյին, հալիձորցի Միշիկին, մյուս նահատակ տղաներին, ովքեր չտեսան հայրենի գյուղի վրա բացվող խաղաղ առավոտները:

Բոլորի խոսքում մի գերիշխող միտք կար. մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են… Մի խոսքով` օրը տոնական էր, հանդիպումն անմոռաց: Միջոցառման ավարտին նրա կազմակերպիչ Աշոտ Գալստյանը երախտագիտություն հայտնեց մասնակիցներին, եւ ծայր առավ ավանդական քոչարին, պարահրապարակ "կանչելով" բոլորին:

Հանդիպման մասնակիցները միմյանց հրաժեշտ տվեցին` ակնկալիքով, որ հաջորդ տարի նույն օրը կրկին նույն կազմով (եւ դեռ ավելի) կհանդիպեն:

                                                                        ԺՈՐԱ ՄԱՆՈՒՑՅԱՆ Շինուհայր

Комментариев нет:

Отправить комментарий